Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Բաց նամակ 10 եպիսկոպոսներին և ոչ միայն

Բաց նամակ 10 եպիսկոպոսներին և ոչ միայն
23.12.2025 | 12:32

Օրենսգետներն ու փարիսեցիները բերեցին շնության մեջ բռնված մի կին և նրան մեջտեղ կանգնեցնելով՝ ասացին ՀԻՍՈՒՍԻՆ․

«Հանցանքի մէջ բռնված այս կինը հայտնապէս շնացել է, իսկ Օրենքում Մովսեսը մեզ պատվիրել է այսպիսիներին քարկոծել. արդ, ԴՈՒ դրա մասին ի՞նչ ես ասում»։

Նրանք այս ասում էին՝ ՆՐԱՆ փորձելու համար, որպեսզի ՆՐԱՆ ամբաստանելու պատճառ ունենան։ Իսկ ՀԻՍՈՒՍ, ցած նայելով, մատով գետնի վրա գրում էր։ Իսկ երբ ՆՐԱՆ ստիպեցին հարցնելով, վեր նայեց ու նրանց ասաց.

«Ձեր միջից անմե՛ղը նախ թող քար գցի դրա վրա»։ Եվ դարձյալ ցած նայելով՝ գետնի վրա գրում էր։ Եվ այս լսելով՝ մեկ առ մեկ ելնում գնում էին՝ տարիքավորներից մինչև փոքրերը։ Եվ ՀԻՍՈՒՍ միայն մնաց ու կինը՝ կանգնած ՆՐԱ առաջ։ ՀԻՍՈՒՍ նրան ասաց.

«Ո՛վ կին, ո՞ւր են. քեզ ոչ ոք չդատապարտե՞ց»։

Եվ սա ասաց՝ ո՛չ, ՏԷ՛Ր։ Եվ ՀԻՍՈՒՍ ասաց.

«ԵՍ էլ քեզ չեմ դատապարտում. գնա՛, այսուհետև մի՛ մեղանչիր» (Ավետարան ըստ Հովհաննեսի 8:4-11)։

Եվ այսպես հավաքվեցին տասը եպիսկոպոսները, ձեռք վերցրին քարերը և գնացին Մայր Աթոռ՝ կաթողիկոսին քարկոծելու համար։ Նրանք, ցավոք սրտի չտեսան, չնկատեցին սուրբ տաճարի մոտ նստած մեր ՏԻՐՈՋԸ՝ ՈՎ մատով գետնին որոշակի բաներ էր գրում։ Ըստ քրիստոնեական հայրաբանության, ՆԱ գետնին գրում էր այդ եպիսկոպոսների ու նրանց ուղեկցող ուժային կառույցների ներկայացուցիչների մեղքերը։ Եթե նրանք մի քիչ ավելի ուշադիր լինեին, ապա ՏԻՐՈՋ մոտով անցնելիս, ՆՐԱ գրվածքում կկարդային ու կճանաչեին, թե ով էր այն մեկը, որին բռնացրել էին իր թեմի քահանաներից մեկի կնոջ հետ շնանալիս, ով էր այն մյուսը, որը նույնը կատարել էր իր համայնքի մի անդամի կնոջ հետ և այս երկուսն էլ պատճառ էին դարձել ընտանիքների քայքայման, ով էր այն հաջորդը, որին բացահայտել էին որպես միասեռականի, մյուսը, որն աչքի էր ընկել իր խաբեբայական գործարարությամբ ու պատճառ դարձել շատերի սնանկացման։ Նրանցից քանիսը չէին տառապում ընչաքաղցությամբ, արծաթասիրությամբ։ Նրանցից քանիսը չէին խախտել իրենց օծության ժամանակ արված կուսակրոնության ուխտը և հետագայում ապօրինածին զավակներ չէին ունեցել։ Նրանցից քանիսն էին ժամանակին տեղի կամ անտեղի քծնել, շողոքորթել ու վախեցել կաթողիկոսից, քանիսն էին նրա կողմից օծվել ու հոգևոր պաշտոն ստացել։ Նրանցից քանիսն էին իրենց խղճի դեմ գնալով՝ վախից կամ մարդահաճությունից դրդված քվեարկել կաթողիկոսի ընտրվելու օգտին և այժմ էլ ենթարկվելով իրենց նոր ղեկավարի կողմից կիրառվող շանտաժներին, քարերը առած ներկայացել էին Մայր Աթոռ։

Այս ակցիային մասնակցելով պատռեցին իրենց դեմքերը երկար տարիներ քողարկած դիմակները և բացահայտվեց, որ դրանց հետևում չկան հավատավոր հոգևորականներ, թասիբով տղամարդիկ և արժանապատիվ քաղաքացիներ։

Մաքսավորներն էլ եկան մկրտվելու և հարցրին նրան.

«Վարդապե՛տ, մե՛նք ինչ անենք»։ Նա ասաց նրանց. «Ձեզ հրամայվածներից ավելին մի՛ վերցրեք»։ Զինվորները նույնպես հարցնում էին նրան. «Իսկ մե՛նք ինչ անենք»։ Նա ասաց նրանց.

«Ոչ ոքի մի՛ նեղեք, ոչ ոքի մի՛ զրպարտեք, ձեր ռոճիկը թող ձեզ բավարար լինի» (Ավետարան ըստ Ղուկասի 3:10-12)։

Իրավապահներից քանիսն էին իրենց գործը կատարել ըստ Հովհաննես Մկրտչի պատվիրանի՝ ապօրինի հրամաններ չէին կատարել, անմեղների չէին բռնադատել, կեղծ վկայություններ չէին տվել, անմեղ մարդկանց վրա գործեր չէին սարքել, սատանայի կամակատար հանդիսացող իրենց դիվահար վարչապետի անօրեն հրամանները չէին կատարել։

Միգուցե նրանք ճիշտ էին իրենց կատարած հարցադրումների և պահանջների մեջ, սակայն մի՞թե արդարացի չէր լինի, որ նախ փորձեին սեփական անձնական մեղքերի բեռը թոթափել իրենց ուսերից, ազատվել խղճի խայթոցներից։ Միգուցե հրաժարվեին իրենց փափկակենցաղ կյանքերից, հոգևոր կամ աշխարհիկ պաշտոններից, գահերից և հեռանալով ու մեկուսի վայրերում՝ խցերում, քարայրներում առանձնանալով, սրտագին զղջալով, ՏԻՐՈՋ առաջ ապաշխարեին, եթե իհարկե հավատում են ՏԻՐՈՋ Խոսքերին, Ավետարանին։

«Չգիտե՞ք, թե մենք հրեշտակներին էլ ենք դատելու, ուր մնաց թե՝ երկրավորներին։ Իսկ դուք, երբ այս հարցերի մասին վեճեր ունեք, որպես եկեղեցու դատավորներ նստեցնում եք մարդկանց, որոնք անարժեք են։ Ամոթ ձեզ եմ ասում։ Ձեր մեջ չկա՞ այնչափ իմաստուն մեկը, որ կարողանա արդար դատ անել իր և եղբոր միջև։ Բայց եղբայրը եղբոր դեմ է դատվում, այն էլ՝ անհավատների առջև» (1 Կորնթացիներին 6:3-6)։

Իրոք մեր եկեղեցում վաղուց կուտակված խնդիրներ գոյություն ունեն, արժեր, որ նրանք այդ խնդիրները լուծելու համար չդիմեին հեթանոս ու աշխարհիկ իշխանություններին` որպես դատավորների, այլ առավել հանդարտ ու կառուցողական մթնոլորտում բարձրացնեին այդ հարցերը ու փորձեին լուծումները հենց եկեղեցու մեջ գտնել՝ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ Աջակցությամբ ու ՈՒղղորդմամբ, պահքով ու աղոթքով, առանց կեղտոտ սպիտակեղեններն ի տես համայն աշխարհի ցուցադրելու։ ՉԷ որ Եկեղեցու հիմնադիրը ՏԷՐՆ է, ՆԱ է Գլուխը ԻՐ Եկեղեցու և ԻՆՔՆ առավել շահագրգիռ է որպես ԻՐ Մարմին հանդիսացող Եկեղեցու բժշկման ու սրբագործման գործում։ Եվ մի՞թե դու՛ք պատկերացնում եք, թե ապագայում կարող եք էլի պաշտոններ զբաղեցնել մեր ՏԻՐՈՋ Եկեղեցում, թե՞ ձեր հույսը դրել եք այդ ժամանակավոր մարդուկի վրա, որը բազում որակներով զիջում է իր նախորդներին, որոնք մի քանի անգամ ավելի զորավոր ու հզոր էիր քան ինքը և չնայած այդ առավելությունների՝ նրանք բոլորն էլ մի օր դարձել են նախկիններ կամ իսպառ վերացել են։ Փնտրե՛ք առավել կայուն ու անսասան հովանավորներ, որոնք գոյություն չունեն՝ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՑ բացի, ՈՒՄ առջև, ի վերջո, պատասխան ենք տալու բոլորս։

«Բայց ասում եմ ձեզ՝ ԻՄ սիրելիներին, մի՛ զարհուրեք նրանցից, որ մարմինն են սպանում և դրանից հետո ավելի բան անել չեն կարող, այլ ցույց կտամ ձեզ, թե ումի՛ց պետք է վախենաք։ Վախեցե՛ք ՆՐԱՆԻՑ, ՈՎ սպանելուց հետո գեհեն նետելու իշխանություն ունի։ Այո՛, ասում եմ ձեզ, վախեցե՛ք ՆՐԱՆԻՑ» (Ավետարան ըստ Ղուկասի 12:4-5)։

Աշոտ ՀՈՒՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 424

Մեկնաբանություններ